Հայաստանի 432 000 բնակարաններից 402 000-ը նոր գնահատմամբ վճարելու են տարեկան մինչև 30 հազար դրամ գույքահարկ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի 432 000 բնակարաններից 402 000-ը նոր գնահատմամբ վճարելու են տարեկան մինչև 30 հազար դրամ գույքահարկ

2020-06-30 17:36 , Общество, 1465

Հայաստանի 432 000 բնակարաններից 402 000-ը նոր գնահատմամբ վճարելու են տարեկան մինչև 30 հազար դրամ գույքահարկ

«Շրջանառվում է թեզ, թե պետությունը ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացնում: Դա կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիա է: Բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է անցյալ տարի: Եվ հիմա այս նախագծով մենք այդ նախագծի էֆեկտը փորձում ենք մեղմել»,-այդ մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից վերջերս ընդունված գույքահարկի փոփոխություններին:

Հակառակ դեպքում, ըստ պատգամավորի, հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանալու, մինչդեռ այս պահին այդ ազդեցությունն են մեղմում, ընդ որում դնում սահուն ժամանկահատված՝ 6 տարի, որ մարդիկ այդ բեռը չզգան:

«Այսինքն, խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի բարձրացման մասին, այդքան էլ արդարացի չէ»,-ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ նոր կանոններով՝ բնակիչներն առաջին վճարումը կատարելու են 2021 թվականի դեկտեմբերին՝ այն էլ՝ նոր գույքահարկերի 25 տոկոսի չափով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչև 30 մլն դրամ կադաստրային արժեք և վճարելու են տարեկան մինչև 30 հազար դրամ գույքահարկ։

Այդ թվում, շուրջ 200 000 բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։

Այսօր ֆեյսբուքյան գրառմամբ Բաբկեն Թունյանն ընդգծել է՝առաջին 2-3 տարիներին ավելի քիչ գույքահարկ է վճարվելու, նա աղյուսակի միջոցով ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանում հասարակական նշանակության շինությունների կոնկրետ օրինակներ:

Հավելենք՝ Ազգային ժողովում հունիսի 25-ին ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ հանրապետությունում կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում է կատարվելու շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայինոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով0.05 տոկոս հարկման դրույքաչափ: Այսպիսով, անշարժ գույքի սեփականատերերն առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը:

Խորհրդարանի իշխանական մեծամասնության խոսքով՝ գույքահարկից հավաքագրված գումարներն ուղղվելու են համայնքային բյուջեներ, որոնք էլ այն պետք է ծառայեցնեն համայնքների կարիքներին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть