«Տեսալսողական մեդիայի» օրենքով չի նախատեսվում օտարերկրյա ծրագրերի թարգմանություն կամ հայերեն լուսագրերի տեղադրում»,-այս մասին տարածած հաղորդագրությունում նշում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ից՝ անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ» պարբերականի նախօրեին հրապարակմանը։
Պարբերականը նշենք, «Հայաստանում ռուսական հեռուստաալիքները բաց կթողնեն բաղադրատոմսով» վերնագրով հոդվածում անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» նոր նախագծին, գրել էր, որ եթե նախագիծը վերջնականապես ընդունվի, ապա ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը պետք է կրկնօրինակվի հայերենով կամ ուղեկցվի հայերեն լուսագրերով։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնից», ահա, հստակեցնում են․
««Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցին ի պատասխան՝ օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հայտնեց, որ բովանդակության հայերեն կրկնօրինակումը կամ հայերեն լուսագրերի տեղադրումը չի վերաբերում օտարերկրյա հեռուստածրագրերին։
«Սույն օրենքի նախագիծը օտարերկրյա հեռուստածրագրերը ո՛չ հանրային մուլտիպլեքսում, ո՛չ մասնավոր և ո՛չ էլ ցանցային օպերտաորների կողմից վերահեռարձակման պարագայում չի նախատեսում կրկնօրինակել կոնտենտը հայերենով կամ տեղադրել հայերեն լուսագրեր»- նշեց Վահագն Թևոսյանը։
Հիշյալ պահանջը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գործող տեղական հեռարձակողներին, որոնք պարտավորվում են իրենց ծրագրերում օտարալեզու հաղորդումներ ներառելու պարագայումկրկնօրինակել դրանք կամ տեղադրել լուսագրեր։
Վահագն Թևոսյանը հավելեց նաև, որ օրենքի նախագծում կատարվել է փոփոխություն, որպեսզի նշված հատվածը տարընթերցումների տեղիք այլևս չտա»։
Հիշեցնենք՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը ավելի վաղ ևս անդրադարձել էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագծի շուրջ քննադատություններին՝ վստահեցնելով, որ օրինագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը