Քննչականը պարզում է կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակածների IP հասցեները - RadioVan.fm

Онлайн

Քննչականը պարզում է կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակածների IP հասցեները

2020-06-25 20:37 , Право, 1354

Քննչականը պարզում է կորոնավիրուսից մահացածների տվյալները հրապարակածների IP հասցեները

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել է «Կորոնավիրուս» համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճեները, որտեղ մասնավորապես նշված են 132 անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, մահվան ամսաթիվ, հասցե և բժշկական հաստատությունների անվանումները:

Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

«facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալով անհատական էջին հասանելիություն ստացած IP հասցեները պարզելու նպատակով բաժանորդային տվյալներ ստանալու թույլտվության միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է։

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերոնշյալ փաստով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть