«Այդ հաղթանակը որոշել է մոլորակի ապագան»․ Մոսկվայի Կարմիր հրապարակում ծածանվել են Հայաստանի Հանրապետության և Թամանյանի 89-րդ հայկական դիվիզիայի դրոշները - RadioVan.fm

Онлайн

«Այդ հաղթանակը որոշել է մոլորակի ապագան»․ Մոսկվայի Կարմիր հրապարակում ծածանվել են Հայաստանի Հանրապետության և Թամանյանի 89-րդ հայկական դիվիզիայի դրոշները

2020-06-24 17:01 , Общество, 1601

«Այդ հաղթանակը որոշել է  մոլորակի ապագան»․ Մոսկվայի Կարմիր հրապարակում ծածանվել են Հայաստանի Հանրապետության և  Թամանյանի 89-րդ հայկական դիվիզիայի դրոշները

«Կարմիր բանակի զինվորներին պետք չէր ո՛չ պատերազմը, ո՛չ ուրիշ երկրները, ո՛չ փառք, ո՛չ մեծարում։ Նրանք ձգտում էին հաղթել թշնամուն ու տուն վերադառնալ։ Ու Եվրոպայի ազատության համար անդառնալի գին են վճարել։ Հարյուր հազարավոր մարտիկներ մահացել են օտար հողում։ Դա հիշելը մեր պարտքն է։ Հիշել, որ նացիզմի դեմ պայքարի հիմնական բեռն ընկել է խորհրդային ժողովրդի վրա», -այդ մասին այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ իր ելույթում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ պետք է պահպանել ու ներկայացնել ճշմարտությունը Մեծ հայրենական պատերազմի մասին։

Նա շեշտեց՝ խորհրդային ժողովրդի ուժերի շնորհիվ հաջողվել է սարսափելի, տոտալ չարիք հաղթահարել, տապալվել է հակառակորդի ավելի քան 600 դիվիզիա, վերացվել ինքնաթիռների, տանկերի, հրանոթների 75% տոկոսը։

«Հենց դրանում է գլխավոր, չաղավաղված ճշմարտությունը պատերազմի մասին։ Մենք պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել այն, փոխանցել մեր երեխաներին, թոռներին ու ծոռներին», -ասաց Ռուսաստանի ղեկավարը՝ ընդգծելով՝ այդ հաղթանակը որոշել էմոլորակի ապագան ու հավերժ մնացել է պատմության մեջ։

Նշենք՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ներգրավված է ավելի քան 14 հազար զինվորական, 234 միավոր մարտական տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ զորահանդեսը, հիշեցնենք, մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24-ը։

Շքերթին մասնակցություն ունի նաև Հայաստանը, մեր երկիրը ներկայացնում է 75 հոգուց բաղկացած զորախումբը։ Նրանք ծածանում են Թամանյան դիվիզիայի մարտական և Հայաստանի Հանրապետության դրոշները: Շքերթին ներկա է նախօրեին Մոսկվա մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Բացի Հայաստանից, շքերթին մասնացում են ևս 12 երկրի՝ Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլայի, Սերբիայի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի զորախմբերը։

Հիշեցնենք՝ շքերթին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախ սիրով հաստատել էր իր մասնակցությունը, սակայն հետո հրաժարվել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Շքերթին մասնակցությունից հրաժարվել էին նաև Ճապոնիայի վարչապետը, Ադրբեջանի, Խորվաթիայի նախագահները։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, թե Կրեմլում «ըմբռնումով են մոտենում» իրենց այցերը չեղարկելու առաջնորդների որոշումներին։

Այդպիսով, Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Մոսկվա են մեկնել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Սերբիայի նախագահները։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть