Այսօր ՀՀ նախագահ Սարգսյանի ծննդյան օրն է. շնորհավորական ուղերձներ են հղել Սերբիայի, Բելառուսի, Իտալիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի նախագահները - RadioVan.fm

Онлайн

Այսօր ՀՀ նախագահ Սարգսյանի ծննդյան օրն է. շնորհավորական ուղերձներ են հղել Սերբիայի, Բելառուսի, Իտալիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի նախագահները

2020-06-23 22:25 , Общество, 1250

Այսօր ՀՀ նախագահ Սարգսյանի ծննդյան օրն է. շնորհավորական ուղերձներ են հղել Սերբիայի, Բելառուսի, Իտալիայի, Չինաստանի, Ռուսաստանի,  Ղազախստանի, Վրաստանի նախագահները

Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է, բոլորեց նրա 67-ամյակը:

Տարեդարձի առթիվ նրան շնորհավորական ուղերձներներ են հղել օտարերկրացի գործընկերները:

«Ես գնահատում եմ Ձեր ավանդը փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում: Հաճույքով եմ հիշում մեր նախորդ հանդիպումներն ու զրույցները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի բաց փոխանակման հնարավորությունները: Հուսով եմ՝ շուտով կրկին հնարավորություն կունենանք հանդիպելու և շարունակելու աշխատանքներն ապագային միտված մեր ընդհանուր ծրագրերի իրագործման շուրջ»,-իր ուղերձում նշել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը:

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ նախագահի ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում ասված է.

«Բելառուսի Հանրապետությունում Ձեզ ճանաչում են որպես փորձառու պետական գործչի, որն իր ամբողջ եռանդն ու գիտելիքներն է ներդնում Հայաստանի և նրա ժողովրդի բարեկեցության բարձրացման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման համար:

Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ համատեղ ուժերով կարող ենք հաջողությամբ իրացնել մեր երկկողմ փոխշահավետ համագործակցության զգալի ներուժը»:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան սրտանց շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ նրան մաղթել է անձնական ու ընտանեկան բարեկեցություն:

«Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը:

Ազատության և ժողովրդավարության տենչանքը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության հատկանիշն է, որը յուրաքանչյուրիս մեր ուղիով հասցրեց անկախության և հանրապետության»,-նշել է Մատարելլան հայ գործընկերոջ տարեդարձին հղած ուղերձում՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Իտալիա նախատեսվող պետական այցի շրջանակում նախագահ Սարգսյանին կհյուրընկալի Քվիրինալյան պալատում:

Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Ուղերձում ասվում է․

«Մեծարգո պարոն Նախագահ,

Նորին Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն մաղթանքներս:

Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը:

Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը և Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց և հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը:

Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մեծարգո Արմեն Վարդանի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը համապատասխանում են մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։

Հարգարժան Արմեն Վարդանի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։

«Ձեր կյանքի և քաղաքական ուղու հարուստ փորձը, Հայաստանի կայուն զարգացման գործում ծանրակշիռ ներդրումը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վառ օրինակ են, ինչն արդարացիորեն Ձեզ արժանացրել է անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ղազախական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր կապերի և փոխվստահության վրա, հետագայում ևս կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նախագահ Սարգսյանին հղած իր ուղերձում էլ նշել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ևս շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ուղերձում, մասնավորապես, նշելով.

«Ի դեմս Ձեզ՝ Հայաստանն ունի առաջնորդ և հայրենասեր անձ, ով իր ողջ ուժերը ներդնում է հանուն երկրի և ժողովրդի բարօրության։

Ղազախստանին ու Հայաստանին երկար տարիներ կապում են բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը։ Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը հետագայում ևս նպաստելու է բազմակողմ և երկկողմ համագործակցության ընդլայնմանն՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ վրաց ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ իր շնորհավորական ուղերձում նշել է.

«Պատմականորեն մեր երկրները կապված են բարեկամության և համագործակցության ամուր թելերով: Թե՛ հայ ժողովրդի, թե՛ համաշխարհային հանրության համար հիմա դժվարին օրեր են, սակայն ես հպարտ եմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը մնում են անձեռնմխելի, և մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մեր կապերի խորացման համար»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть