«Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել». Դաշնակցությունը՝ «Իմ քայլ»-ի ընդունած օրինագծի մասին - RadioVan.fm

Онлайн

«Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել». Դաշնակցությունը՝ «Իմ քայլ»-ի ընդունած օրինագծի մասին

2020-06-22 22:49 , Политика, 911

«Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել». Դաշնակցությունը՝ «Իմ քայլ»-ի ընդունած օրինագծի մասին

«Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել»,-անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության կողմից այսօր ընդունված նախագծին՝ տարածած հայտարարությունում ընդգծել էՀայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի գերագույն մարմինը:

Հիշեցնենք՝ ժամեր առաջ Ազգային ժողովը 89 կողմ, 0 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորների մեկ քառորդի՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորների հեղինակած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը, որի առաջին ընթերցմամբ քննարկումը մեկնարկել էր այսօր 13:00-ին, և որի քննարկումներին չմասնակցեց խորհրդարանական ընդդիմությունը: Օրինագծի ընդունմամբ դադարեցվեց Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը, իսկՍահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ը ուղարկվեցին թոշակի:

ՀՅԴ Գերագույն մարմինն, ահա, տարածած հայտարարությունում նշել է.

«Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ

  1. օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը,
  2. օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված արտակարգ դրությունից, քաղաքական իշխանությունը անթաքույց կերպով կայացնում է Սահմանադրության իրար հավասարակշռող երեք ճյուղերից մեկի՝ դատական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող Սահմանադրական դատարանը զավթելու որոշում, ինչը առերևույթ առաձնապես ծանր հանցագործության տարրեր է պարունակում:

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը:

Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»:

Նշենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարել է, որ օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի առաջին մասի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть