ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն (Info Check)՝ անդրադարձել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծին և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին՝ փաստելով, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից։
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ից մանրամասնում են․
«Երեկ՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում քննարկվեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը:
Օրինագծի վերաբերյալ մամուլում հայտնվեցին տարատեսակ քննադատություններ։ Մասնավորապես՝ նշվում էր, որ նոր օրենքով «օտարերկրյա հեռարձակողները պետք է բացառվեն Հայաստանի հանրային մուլտիպլեքսից»: Լրատվականների փոխանցմամբ՝ «այդ կետի տակ են հայտնվել հիմնականում ռուսական հեռուստաալիքները»:
Նախ նշենք, որ Հանրային մուլտիպլեքսում գործում են 8՝ հանրապետական ծածկույթով, 10՝ մայրաքաղաքային և 15 մարզային ծածկույթով հեռուստածրագրեր։ Մարզերում ցուցադրվում են 8 հանրապետական ալիքները և տվյալ մարզի մարզային ալիքները, իսկ մայրաքաղաքում՝ 8 հանրապետական և 10 մայրաքաղաքային ալիքները։
Նշված ցանկից օտարերկրյա հեռուստածրագրերն են՝ «Россия-РТР», «Россия – Культура», «Первый канал», «CNN»։ Հեռարձակվում է նաև «Мир»-ը՝ ԱՊՀ երկրների միջպետական հեռուստառադիոընկերությունը, որի գործունեությունը կարգավորվում է ԱՊՀ շրջանակներում ստորագրված միջպետական պայմանագրով։
Օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեց, որ ըստ գործող օրենքի՝ այդ օտարերկրյա հեռուստածրագրերը՝ ինչպես ՀՀ-ում գործող հեռուստածրագրերը, 2010 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից սլոթի օգտագործման լիցենզիա են ստացել։
«Համաձայն հոդված 45-ի 2-րդ կետի՝ նոր օրենքի նախագծի ընդունման դեպքում Հանրային մուլտիպլեքսում սլոթի (խմբ. մուլտիպլեքսում թվային հոսքի մի մասը, որը բավարար է մեկ ծրագրային փաթեթ հեռարձակելու համար) օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող հեռարձակողները: Օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հանրային մուլտիպլեքսում առանց լիցենզիա կարող են վերահեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա»:
Այսպիսով, հարկ է նշել, որ օրենքի նոր նախագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից՝ ինչի մասին ահազանգում էին լրատվականները, այլ կարող են վերահեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա։ Կարևոր է շեշտել, որ օրենքը վերաբերում է օտարերկրյա բոլոր հեռուստառադիոծրագրերին, և չի թիրախավորում ռուսական ծրագրերը։
Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսի և ցանցային օպերատորների կողմից օտարերկրյա հեռուստառադիոծրագրերի հեռարձակմանը, ապա վերը նշված կարգավորումը մասնավոր հատվածի մասին չէ։ Այսինքն՝ մասնավոր մուլտիպլեքսը և ցանցային օպերատորները կարող են վերահեռարձակել օտարերկրյա հեռուստառադիոծրագրեր։ Կարգավորումը վերաբերում է միայն հանրային մուլտիպլեքսում ցուցադրվող հեռուստառադիոծրագրեր հեռարձակողներին՝ բացառությամբ միջպետական պայմանագրով նախատեսված դեպքերի։
Հավելենք նաև, որ այսպիսի կարգավորումներ գործում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում»։