Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակում աջակցության տրամադրման կարգը: Միջոցառման շրջանակում օժանդակություն կաստանան կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները և անհատ ձեռնարկատերերը:
Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում, սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեություն:
Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, միջոցառման շահառուների թիվը շուրջ 36800 է, իսկ բյուջեն կազմում է 2,5 մլրդ դրամ:
«20-րդ ծրագրում ներառված են ոլորտներ, որոնք կային նաև 8-րդ ծրագրում: Պետք է նշեմ, որ կարող են դիմել նաև այս միջոցառումից աջակցություն ստանալու համար: Սա երկրորդ հնարավորությունն է առավել տուժած ոլորտների աշխատակցիներին աջակցելու»,-ընգծել է նախարարը:
Այսպես՝ եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։ Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։ Այս կետում նշված անձանց աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, որը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ Դիմումները կընդունվեն հունիսի 22-ից սկսած: Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: