ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Օրինագծի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։
«Մասնավորապես, առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել և վճարել, անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն՝ նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ»,-մանրամասնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդգծելով, որ այս փոփոխության նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար իրավական հիմքեր ստեղծելն է:
Բաթոյանի տեղեկացմամբ՝ այս նպաստն արդեն սահմանված կլինի հուլիսի 1-ից ծնված երեխաների դեպքում։
«Այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի: Այսինքն՝ քաղաքում ապրող և չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող և աշխատող ծնողները կստանան 26 հազար 500 դրամ: Գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 հազար 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»,-որոշումն ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի համաձայն, չաշխատող մայրերին ևս հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից։
Միաժամանակ, առաջարկվում է նաև խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս, խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս: Նախատեսվում է նաև վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը, հստակեցնել գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։