«Չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը։ Երբ նայում ենք զրուցարանում նարդի խաղացող մեր տարեց քաղաքացիներին, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է միմյանց վարակելուց և հետո ծանր վիճակում ռեանիմացիայում հայտնվելուց: Ակնհայտ է, որ մենք մյուս առումներով ավելի լավ ենք, բայց վատ ենք այդ հատվածում»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունեն վերահսկել դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահումը, իսկ բակերում շատ դժվար է:
Ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական թվերը՝ նախարարը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ժ. 09։00-ի դրությամբ 143 հոգի հոսպիտալացվելու կարիք ունի, որից 25-ը գտնվում է տանը, որոնցից 9-ը՝ թեթև, 16-ը՝ միջին ծանրության են։ «Բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը։ Սակայն, ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում և կարիք ունեն տեղափոխման հատուկ ուղղվածությամբ հիվանդանոցներ։ Այս թիվը օրվա ընթացքում տատանվում է, վերջին օրերին ունեցել ենք մինչև 200 կամ քիչ։ Բայց միտում, իջնելու կամ զրոյանալու, չկա»,- նշեց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ հիվանդանոցային ֆոնդի մոբիլիզացիան շարունակվում է, սակայն առողջապահական համակարգն ավելի շատ պացիենտ է ունենում, քան մոբիլիզացվող մահճակալները:
«Մենք արդեն ունենք 263 ռեանիմացիոն մահճակալ, որոնք տրամադրված են միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք 200 էին, բայց, միևնույն է, ազատ տեղեր չկան։ Դրանք շատ արագ են ծանրաբեռնվում, և մեր բժիշկները արագ փորձում են մի թեթև ծանրացող քաղաքացուն տանեն ռեանիմացիոն բաժանմունք, որպեսզի կանխարգելեն վատացումը։ Այս պահին ունենք 444 ծանր, 131՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա են»,-մանրամասնեց Արսեն Թորոսյանը:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում:
Հայաստանում այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 665 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 18 698-ի, ապաքինման 746 նոր դեպք է հաշվարկվել՝ ընդհանուր թիվը հասցնելով 7560-ի, արձանագրվել է մահվան ևս 7 նոր դեպք՝ մահվան ելքերի թիվը դարձնելով 309: Վարակված ևս 101 անձ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 89 992 թեստավորում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը