«Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ոչ թե Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, այլ Հանրապետության 47 հասցեում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում։
Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը:
093721122:
Այս պահին իրենք ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում են։
Ես իրենց մաղթում եմ բարի խուզարկում, ինձ քննիչը հարցրեց՝ արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո:
Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով առավոտ վաղ հայտնել էր, թե իրեն զանգահարել է Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ և ասել է, որ հենց այդ պահին գտնվում է Ազգային ժողովի իր աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում՝ իր աշխատասենյակում խուզարկում անցկացնելու, Զոհրաբյանի խոսքով՝ ինքը նշել է, որ այդ պահին դեռ տանն է և ԱԺ հասնելու համար իրեն որոշակի ժամանակ է պետք, որին վերջինս արձագանքել է, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու:
«Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։
Սա այլևս խելագարություն է սիրելի հայրենակիցներ»,-ընդգծել էր ընդդիմադիր պատգամավորը՝ ավելի ուշ հրապարակելով՝ լուսանկարներ խուզարկության վայրից:
Նշենք, որ, արձագանքելով Նաիրա Զոհրաբյանի ահազանգի վերաբերյալ հրապարակմանը, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ այսօր արված հայտարարության առնչությամբ տեղեկացնում ենք, որ քրեական գործը, որի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ, գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում:
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկված են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները»։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը