Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 425-ով՝ հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 17 489-ի, բուժվածներինը՝ 295-ով՝ դառնալով 6 571, արձանագրվել է մահվան ևս 8 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 293-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրը կորոնավիրուսով հիվանդ ևս 2 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 96 է:
Ինչ վերաբերվում է 8 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 529 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85 556 թեստավորում:
Նշենք՝ հաշվի առնելով, որ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, ինչպես նաև այն, որ hանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը