Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԺ նախագահը՝ նշելով, որ հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, թե քաղաքական որոշում է կայացվել, որ վաղը՝ հունիսի 16-ին, «գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ»:
Օրվա ընթացքում պարզաբանում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում, իսկ նման որոշումները, Աբրահամյանի գրառման համաձայն, կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:
Ժամեր առաջ հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանը՝ իրեն առնչվող գործընթացը որակելով «քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»՝ ընդգծելով, որ պատրաստ է ցանկացած սցենարի։
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, նա ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության, որը տևել է ավելի քան 8 ժամ:
ԱԱԾ-ն նախօրեին Գագիկ Ծառուկյանին առնչվող 3 հաղորդագրություն է տարածել, որոնցից մեկով հայտարարվել է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, ստանալու հարյուրավոր դեպքերի բացահայտման մասին, երկրորդով՝ Առինջի պաշտոնատար անձանց կողմից պետությանն էական վնաս պատճառելու դեպքի առիթով ԱԱԾ-ում քրգործի հարուցման մասին, իսկ երրոդով հայտարարվել է վերջին 6 տարվա ընթացքում Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա», «Օնիրա քլաբ» խաղատաների ապօրինի՝ առանց լիզենցիայի գործունեության մասին, որի արդյունքում, նշվել է, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29 մլրդ ՀՀ դրամի վնաս:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը