Երևանը ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա. մեկնարկում է Օղակաձևի 6-րդ հատվածի հիմնանորոգումը - RadioVan.fm

Онлайн

Երևանը ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա. մեկնարկում է Օղակաձևի 6-րդ հատվածի հիմնանորոգումը  

2020-06-15 18:00 , Общество, 1677

Երևանը ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա. մեկնարկում է Օղակաձևի 6-րդ հատվածի հիմնանորոգումը

Երևանում մեկնարկում է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը:

«Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով ներկայումս անմխիթար վիճակում գտնվող այգին կբերվի նոր տեսքի: Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 16000 քմ տարածք»,-նշում են քաղաքապետարանից՝ հայտնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ 5044 քմ հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ուկրաինայի հայերի միությունը՝ այս տարվա փետրվարին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ կնքած պայմանագրի համաձայն:

Նշվում է, որ այս հանձնառության շնորհիվ Երևանը ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, կտեղակայվեն ոճային հովհարներ՝ արևային պանելների օգտագործմամբ, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով, կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ LED համակարգի օգտագործմամբ։ Զբոսայգու՝ Տիգրան Մեծի պողոտայից Վարդանանց փողոց ձգվող բարեկարգվող հատվածն արդեն այս աշնանը նորովի, հարմարավետ ու անվտանգ կներկայանա երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին:

«Բազմամյա ծառերը մենք շատ խնամքով պահպանելու ենք, ավելացվելու են նորերը, և միջավայրն իսկապես դառնալու է անտառային: Այն, ինչը որ մեր քաղաքում նախատեսված է եղել հենց թամանյանական նախագծով, և այն, ինչը մենք ժամանակի ընթացքում կորցրել ենք, այդ թվում նաև խորհրդային տարիներին: Այնպես որ, այդ գաղափարի հետ վերադարձը, որ Երևանը պետք է ունենա անտառապատ տարածք, մենք այդ գաղափարը պետք է վերականգնենք և նորից կյանքի կոչենք: Վստահաբար Օղակաձև զբոսայգին իր ողջ ծավալով կդառնա Երևանի թոքերը, ոնց նախատեսած էր»,-Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի խոսքերն են փոխանցում Երևանի քաղաքապետարանից:

Օղակաձև զբոսայգին բաղկացած է 6 նախագծային հատվածներից: Ընդհանուր մակերեսը 31 հա է, որից 50-60%-ը «զբաղեցված» են տնտեսվարողների կողմից: Հանգստի գոտում այսօր 98 վարձակալ կա:

«Մենք պայմանական մի քանի խմբի ենք բաժանել իրենց և յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին բանակցություններ են գնում. ունենք տնտեսվարողներ, ովքեր տիրապետում են կապիտալ շինությունների և կատարում են պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորվածությունները, երկրորդ խումբը ունեն գործող պայմանագրեր և մի մասով կատարում են իրենց պարտականությունները, մյուս խմբում են տնտեսվարողները, որոնց պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, բայց նորից շարունակում են իրենց գործունեությունը, չորրորդ խմբում են այն տնտեսվարողները, որոնք այս պահին չունեն գործող պայմանագիր, նաև վճարումներ չեն անում, պարտավորությունները չեն կատարում և ունենք հինգերորդ խմբի տնտեսվարողներ կամ, այսպես ասած, օբյեկտներ ու տաղավարներ, որոնք առանց որևէ հիմքի գոյություն ունեն: Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է սկսենք այդ հինգերորդ խմբից, և ինչը հնարավոր է, այգուց հանել, խոսքը միայն վեցերորդ հատվածի մասին չէ, այլև՝ ողջ Օղակաձև զբոսայգու: Բոլոր իրավական հիմքերը նախապատրաստում ենք, որպեսզի դրանք հանենք: Խումբ առ խումբ բանակցելով պետք է այգին հետ վերադարձվի: Հիմա գործում է հանձնաժողով, որը թարմացնում է պայմանագրերը: Շատ կարճ ժամանակով են կնքվում պայմանագրերը՝ երեք տարի ժամկետով և համայնքի համար ավելի շահավետ պայմաններով: Ցանկացած պահի, երբ մեզ անհրաժեշտ լինի, մենք կարող ենք դադարեցնել այդ պայմանագիրը»,-քաղաքապետարանի լրատվության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Ավետ Պողոսյանը՝ այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու նպատակադրությամբ:

Лента

Рекомендуем посмотреть