«Լավ կլիներ, որ Արսեն Թորոսյանն իր անմիջական գործառույթներով զբաղվեր». Իվետա Տոնոյանը՝ նախարարի գրառման մասին - RadioVan.fm

Онлайн

«Լավ կլիներ, որ Արսեն Թորոսյանն իր անմիջական գործառույթներով զբաղվեր». Իվետա Տոնոյանը՝ նախարարի գրառման մասին

2020-06-14 16:40 , Политика, 1415

«Լավ կլիներ, որ Արսեն Թորոսյանն իր անմիջական գործառույթներով զբաղվեր». Իվետա Տոնոյանը՝ նախարարի գրառման մասին

«Այս ամենը վատ բեմադրված տրագիկոմեդիա է հիշեցնում: Ես առավել քան ցավ եմ ապրում, որ մեր երկրի իշխանությունները, կամ նույն առողջապահության նախարարը ուրիշ ավելի կարևոր գործ չունի, քան ասենք ֆոտոշոփով սարքած ինչ-որ թղթի հրապարակումը»,-այդ մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց համանուն կուսակցության մամուլի քարտուղար, նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Առողջապահության նախարարը առավոտ կանուխ իր բան ու գործը թողած սկսում է այդ փաստաթղթերը հրապարակել, լավ կլիներ, որ նա իր անմիջական գործառույթներով զբաղվեր ու կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի փոխարեն Գագիկ Ծառուկյանի կամ ընդդիմության դեմ պայքարով չզբաղվեր, որովհետև բոլոր մահերի համար իրենք են պատասխան տալու»,-նշեց Տոնոյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նշենք, այսօր առավոտյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Հետաքրքիր է ինչ կասեն մեր հայրենակիցները սոցիալական մեդիայում հայտնված այս «փաստաթղթի» մասին: Արդյո՞ք այսպես չեն տարիներով կեղծվել ընտրությունները և «գնվել» մեր հայրենակիցների ձայները:

Օրինականության հաստատումը քաղաքական հետապնդում կոչողներն էլ հավանաբար ինքնապաշտպանության համար են դա անում: Միգուցե՞ կան նման փաստաթղթեր, որտեղ կան նաև իրենց անունները:

Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»:

«Ինչ-որ թուղթ են գտել, որի վրա ինչ-որ թվեր է գրված, որևէ ստորագրություն, որևէ կնիք պարոն Ծառուկյանի հետ կապ ունեցող՝ չկա: Եթե վերևում գրված է պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ, դա պետք է հիմք հանդիսանա, որ գան խուզարկե՞ն պարոն Ծառուկյանի տունը: Ես էլ ֆոտոշոփով գրություն կսարքեմ, որ Արման Աբովյանը սպանել է Քենեդուն Ծառուկյանի հանձնարարությամբ, ի՞նչ է տեղի ունենալու»,-հեգնեց Իվետա Տոնոյանը:

Արսեն Թորոսյանի պատասխան արձագանքը չուշացավ: Նա ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է.

«Գիտե՞ք, ինչ գործ ունի առողջապահության նախարարը և միաժամանակ ՔՊ վարչության անդամը օրինականության հաստատման հետ:

Այն, որ այդ ապօրինությունների, հարկեր չվճարելու, պետությանը վնաս պատճառելու, ընտրությունները կեղծելու արդյունքում մեր ոլորտը այնքան է թերֆինանսավորվել, որ մարդիկ իրենց առողջական հարցերը չեն կարողացել լուծել և ընտրություններին նայել են «ձայն գնող բարերարների» և յուր կատարածուների ձեռքերին, որ պետպատվերով վիրահատվեն կամ էլ դեղի փող ստանան մի քանի հազար դրամի չափով:

Եվ հիմա է, որ այդ ամենը պետք է վերադարձվի պետական բյուջե, ապօրինություն գործածներն էլ պատժվեն օրենքի ողջ ուժով, որ այլևս ոչ ոքի մտքով չանցնի նման բան:

Հ.Գ. իսկ ի՞նչ կասեք կից մեկնաբանության մասին հարգելի հայրենակիցներ, որը վերաբերում է նախորդ «հաշվետվությանը»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть