«Համաձայն եմ, բայց հնարավորությունների և հզորությունների հարց է»,-արտակարգ դրության ժամկետների երկարաձգման վերաբերյալ Ազգային ժողովի հատուկ նիստում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ կառավարությունը մասսայական թեստավորման վերաբերյալ, քանի որ ըստ պատգամավորի՝ դա նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում լավ արդյունքներ է տալիս:
Նա բերեց Ուկրաինայի օրինակը, ուր մայիսի 15-ից սկսել են մասսայական թեստավորումներ իրականացնել, իսկ ահա Հարավային Կորեայում, Աբովյանի խոսքով, դեռ փետրվարից էր այդ գործընթացը սկսվել, և այնտեղ կարողացան հաղթահարել համաճարակը։
Փաշինյանը, նկատելով, որ դա բարդ գործընթաց է, նաև՝ հզորությունների հարց, հավելեց.
«Երեկ առողջապահության նախարարը խորհրդակցությունների ժամանակ ասում է՝ փողը ձեռքներս՝ չենք կարողանում թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ ձեռք բերել: Փողի խնդիր չկա, բայց ամբողջ աշխարհում այդ ապրանքների շատ մեծ դեֆիցիտ կա, և հերթի կանգնած պետք է սպասենք, որ դրանք ձեռք բերենք։ Հիմա, ըստ էության, մենք այս պահին, ամեն օր, բացի կիրակիներից, որ ավելի քիչ ենք անում, մյուս օրերին անում ենք 2290 թեստ, և դա, համարյա, մեր եզրագիծն է»:
Վարչապետն, ի դեպ, օգտվելով ՀՀ առողջապահության նախարարի հուշումներից, որոշակի առումով հակադարձեց ընդդիմադիր պատգամավորին՝ Ուկրաինայի և Հարավային Կորեայի բերած օրինակների առնչությամբ:
«Հարավային Կորեան 1 միլիոն մարդու հաշվարկով 21 հազար թեստ է արել, Ուկրաինան՝ 10 հազար, իսկ Հայաստանը՝ 25 հազար թեստ, այսինքն, 1 միլիոն մարդու հաշվարկով մենք ավելի շատ թեստ ենք արել»,-ասաց վարչապետը, այդուամենայնիվ, ընդգծելով թեստավորման ծավալների ավելացման անհրաժեշտությունը:
Ազգային ժողովի հատուկ նիստի մանրամասները՝ տեսանյութում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը