Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 7000 պացիենտ գտնվում է տնային հսկողության ներքո, մնացած 1800-ը գտնվում է հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425 ծանր դեպք ունենք, 100-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 23-ը միացված է արհեստական շնչառական ապարատին. Կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները ներկայացնելիս ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր դեպքերի աճը, վիճակագրական թվերն ընդամենը արտահայտությունն են այն բանի, թե Հայաստանի Հանրապետությունում վերջին 7-14 օրվա ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները, մասնավորապես՝ դիմակ կրելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու, ձեռքերն ախտահանելու վերաբերյալ:
«Իհարկե, այս կանոններն ունեն որոշակի տեղայնացման նրբություններ: Եվ, 1-2 օր կամ մի քանի օր պոզիտիվ ազդակներից հետո մենք նկատում ենք, երբ թվերի որոշակի նվազում է տեղի ունենում, հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակի կտրուկ իջեցում ենք արձանագրում: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հստակ պետք է արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերն արտահայտում են, թե մենք բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու, ձեռքերը ախտահանելու և հակահամաճարակային կանոնները»,-նշել է վարչապետը: