Քաղաքացին իր հեռախոսով նկարած միևնույն մեքենայի խախտումները կարող է ներկայացնել ոստիկանություն ամսական 3, իսկ տարեկան՝ 30 անգամ - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացին իր հեռախոսով նկարած միևնույն մեքենայի խախտումները կարող է ներկայացնել ոստիկանություն ամսական 3, իսկ տարեկան՝ 30 անգամ

2020-06-11 17:20 , Право, 2065

Քաղաքացին իր հեռախոսով նկարած միևնույն մեքենայի խախտումները կարող է ներկայացնել ոստիկանություն ամսական 3, իսկ տարեկան՝ 30 անգամ

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշել է, որ որոշման նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների կողմից արձանագրելու հնարավորություն տալն է:

Հիմնավորման համաձայն՝ ներկայում տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում (բացառությամբ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքերի), այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային: Խնդիրն առավել մտահոգիչ է հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի բնակավայրերում, միջպետական, հանրապետական ու մարզային և այլ նշանակությամբ ճանապարհներին միաժամանակ և անընդմեջ ապահովվի հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների պահպանման նկատմամբ:

Որոշմամբ, մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում:

Բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար: «Հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթն իրականացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին»,-ասել է ոստիկանապետը՝ նշելով, որ բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:

Նշվում է, որ արդյունքում կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել ցանկում նաև ավտոմեքենայում 1-ից ավելի մարդ լինելու պարագայում դիմակ չկրելու դեպքը ներառելու հարցը:

Հիշեցնենք՝ քաղաքացիներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու հնարավորություն տալու վերաբերյալ օրինագիծը ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2019-ի հոկտեմբերին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ լինելով նախագծի ընդունմանը՝ նշել էին, որ այն «գործ տալու» նախագիծ է, ու, որ շատերը վատություն անելու համար սկսելու են հետապնդել այլ մարդկանց և արձանագրել նրանց արած խախտումները: Այդ մտահոգությունները փարատելու համար վստահեցվել էր, որ կառավարությունը կսահմանի, թե ամսական և տարեկան կտրվածքով միևնույն քաղաքացին միևնույն անձի նկատմամբ քանի անգամ հնարավորություն կունենա էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть