«Որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության». Եվրախորհրդարանում մտահոգ են Հայաստան-Արցախ նոր մայրուղու կառուցմամբ - RadioVan.fm

Онлайн

«Որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության». Եվրախորհրդարանում մտահոգ են Հայաստան-Արցախ նոր մայրուղու կառուցմամբ

2020-06-11 15:20 , Политика, 1230

«Որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության». Եվրախորհրդարանում մտահոգ են Հայաստան-Արցախ նոր մայրուղու կառուցմամբ

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առաջիկայում մեկնարկելիք նոր մայրուղու կառուցման մասին որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Այդ մասին նախօրեին տարածած համատեղ հայտարարությունում նշել են Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշատական զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն` ընդգծելով, որ «դա կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից շրջանների ապօրինի օկուպացիան»։

«Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը կապելու է Կապանը՝ Հայաստանում, Հադրութի հետ՝ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Կուբաթլուի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են»,-շեշտում են հայտարարության հեղինակները:

Նշելով, որ որպես սկզբունք, իրենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, և Արևելյան հարևանության տարածքում մարդկանց միջև շփումներին, այդուամենայնիվ, ընդգծել են, որ վերոնշյալ ճանապարհի կառուցման նախաձեռնությունը մտահոգիչ է, քանի որ «այն չի օգնում վստահության, խաղաղության և հաշտեցման պայմանների ստեղծմանը»։

«Մենք կրկին վերահաստատում ենք մեր անկոտրում աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և դրանց 2009 թվականի հիմնական սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ բարեխղճորեն ուժեղացնել իրենց հանձնառությունը բանակցություններին և հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում»,-ասված է Կալյուրանդ-Բասեսկու-Զովկո հայտարարության մեջ։

Նշենք՝ ընթացիկ տարում նոր՝ Կապանը Հադրութին կապող մոտ 150-կիլոմետրանոց ավտոմայրուղու կառուցմանն օրերս անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ Արցախ կատարած այցի ժամանակ: Ընդգծելով, որ դա իր նախընտրական խոստումներից մեկն է՝ Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ այն Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Մայր Հայրենիքին, ինչը նոր մեկնարկ կլինի Արցախի հարավային գոտու տարածքների իրացման, տնտեսական զարգացման և հայրենադարձությանը զարկ տալու առումներով:

Նույն օրը՝ հունիսի 5-ին, անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող երրորդ՝ հարավային բնակավայրերով անցնող ավտոմայրուղու կառուցմանը՝ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այն կոմունիկացիոն և ռազմավարական կենսական նշանակություն ունի մեր հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական առաջընթացի, հարավային Արցախում ապրող և արարող մեր հայրենակիցների համար»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть