«Անորոշություններն են պատճառը, որ, այո, միգուցե մենք ինչ-որ բանում հապաղել ենք, որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, կամ չենք կայացրել, քանի որ վստահ չենք եղել, որ դա այդպես է: Եւ ևս չեմ վարանում ասել, որ, այո, միգուցե ես պետք է ներողություն խնդրեմ, որ ինչ-որ հարցերում մենք կարող էինք այլ կերպ վարվել: Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել մեր քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր այս կամ այն գործողությունների թերությունները։ Դա մեզ թույլ է տալիս դրանք շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ»,-այդ մասին «Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարզաբանելով, թե որոշումների կայացման ընթացքում ի՞նչ սկզբունքերով են առաջնորդվել:
Նախարարի հիմնավորմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում և դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան. օրինակ, 1 հոգին քանի՞ հոգու է վարակում, արդյո՞ք բոլորի կողմից կրելու դեպքում դիմակն օգնում է, արդյո՞ք այն դեղը, որ այսօր հայտարարվում է, որ ազդում է, վաղը չի հերքվելու, արդյո՞ք կա կրկնակի վարակման հավանականություն, արդյո՞ք ախտանշաններ չունեցողները վարակում են, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է հիվանդության տարածման վրա և նմանատիպ բազում հարցեր:
Դիմակի մասին խոսելով նախարարը նշել է․ «Երբ ասում էի, որ պետք չի փողոցում դիմակ կրել, 2 հանգամանք կար․ առաջինը՝ համաշխարհային դեֆիցիտը, 2-րդը՝ հայտնի չէր, թե բաց և փակ տարածություններում դիմակ կրելը ինչ ազդեցություն է թողնում։ Գիտելիքը փոխվել է, և սխալ կանեինք, եթե շարունակեինք «հին» գիտելիքի վրա հիմնվելով ուղղություն ցույց տալ»:
Նախարարը տարօրինակ չի համարել, որ կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ աստիճանաբար շատ բաներ սովորելով, շտկումներ անելով գնում են առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում: