Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում. Փաշինյան

2020-06-10 19:52 , Политика, 1444

Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում. Փաշինյան

«Տպավորություն է, թե ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս, որը, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով կբերի բացիլի հատկանիշ ունեցող բոլոր նման քաղաքական ու հասարակական ուժերի՝ քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է, և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական դաշտից, որովհետև իրենք ըստ էության այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-այդ մասին այսօր պարետատան հերթական նիստից հետո հրավիրված բրիֆինգին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի այն դիտարկում-հարցմանը, թե Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը համարում է, թե կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերն անարդյունավետ են, սխալ կամ ուշացած՝ պահանջելով Ազգային ժողովում (ԱԺ) ճգնաժամից դուրս գալու լուծումների քննարկում ու ձախողված պաշտոնյաների նկատմամբ պատասխանատվության կիրառում:

Արդյո՞ք պատրաստ է կառավարությունը նման քայլերի. պատասխանելով այս հարցին՝ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված երեք հատուկ նիստ է տեղի ունեցել, այդ թեմային մի քանի անգամ անդրադարձել է նաև հարցուպատասխանի ժամանակ, բազմաթիվ քննարկումներ են անցկացվում նաև կառավարությունում, ապա արձանագրեց.

«Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ, կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018թ. ամռանը, երբ, ընդամենը, 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից»:

Վարչապետը փաստելով, որ այսօր կորոնավիրուսի համատեքստում ընդունված է խոսել պատերազմանակ հռետորաբանությամբ՝ նշեց.

«Հայեցակարգային առումով այդքան էլ հաշտ չեմ այդ մտքի հետ, քանի որ իմ կարծիքով ճգնաժամին բոլոր դեպքերում պետք է նայենք որպես հնարավորություն: Բայց եթե նույնիսկ հարգելով այդ տրամաբանությունը, այսօր կան ուժեր և շրջանակներ, որոնք այսօր նման հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ որ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա և այսպես շարունակ:

Նախ ուզում եմ արձանագրել՝ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության ցուցանիշը և բազմաթիվ այլ ցուցանիշներ: Եւ ես չեմ տեսնում, որ աշխարհի այդ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում:

Բայց եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել այդ տրամաբանության շրջանակներում, եկեք դիտարկենք: Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների հետ, Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում հրամանատարի դեմ պատերազմի ժամանակ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան»:

Սակայն Փաշինյանի խոսքով՝ իրենք նման քաղաքականություն չեն վարում, որովհետև ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է:

«Ժողովրդավարությունը շատ օգտակար է նաև կորոնավիրուսի այս շրջանում, որովհետև որոշակի շրջանակներ ամբողջությամբ և բացահայտ կերպով ի ցույց են դնում իրենց էությունը: Եւ ես որևէ կասկած չունեմ, որ այդ էությունը ցուցադրածները նետվելու են ՀՀ պատմության աղբանոցը: Նրանք արդեն այդ աղբանոցում են, պարզապես տեղի է ունենում աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Եւ փառք աստծո դա չի անում կառավարությունը, որովհետև կառավարությունը նման նպատակադրում և մտադրություն չունի, դա անում են իրենք՝ այդ ուժերը, հանրությունն իր հստակ աներկբա և աներեր վերաբերմունքով»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть