Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում, նրա բուժումը Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել․ պաշտպան - RadioVan.fm

Онлайн

Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում, նրա բուժումը Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել․ պաշտպան

2020-06-10 14:52 , Право, 1879

Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում, նրա բուժումը Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել․ պաշտպան

Կտրուկ վատացել է Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Տեղեկությունը հայտնել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Փաստաբանն այսօր ՀՀ առողջապահության նախարարին ուղղված հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Սկզբից, երբ Մ.Գրիգորյանը հիվանդանոցում էր, ու համաձայն բժշկական էպիկրիզների մաթեմատիկական պրոգրեսիայով գնում էր հիվանդությունների ավելացում և վատթարացում, առողջապահության նախարարը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, իր ամենօրյա հսկողության տակ է:

Երբ հիվանդի կյանքին ռեալ սկսեց վտանգ սպառնալ և պայմանավորված հիվանդությունների աճով՝ ընդամենը հիվանդությունները կոնսերվացրեցին և դադարեցրեցին բուժումը և անհրաժեշտություն առաջացավ հիվանդին տեղափոխել արտերկիր, առողջապահության նախարարն իր աշխատակազմի միջոցով մի դեպքում տեղեկացրեց, որ ինքը գործ չունի, քանի որ դատարանում է գործը, կարծես Հիպոկրատի երդումը ոչ թե ինքն էր տվել, այլ՝ դատարանը, հետո էլ գրավոր տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվի դրանով, իսկ հետո, երբ ստացավ այդ նախարարությունից պատասխան, որ արդարադատության նախարարությունը չի կարող զբաղվել նմանատիպ հարցերով, քանի որ անձը չի գտնվում կալանքի տակ, և, իրավամբ, առողջապահաության գործառույթներ կրողը ինքն է, անցավ ընդհատակ և չի պատասխանում ոչ մի գրության:

Հարգելի պարոն նախարար

Պայմանավորված հիվանդի անձով, Դուք մատնել եք Ձեզ անգործության: Բարի եղեք հանրությանը պատասխանել.

Ձեզ առաջարկվել է հիվանդի վերջին էպիկրիզի հիման վրա տալ մասնագիտական կարծիք, որոշում՝ հիվանդին տեղափոխելու արտերկիր հետագա հետազոտումն ու բուժումն անցկացնելու համար, քանի որ ըստ բուժող բժշկի, Հայաստանում այն իրականացնելն այլևս հնարավոր չէ, որին ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեք տվել:

09.06.2020 թվականին Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գիտակցության կորստով, սրտի զարկերակի կտրուկ նվազմամբ, մարմնի ջերմաստիճանի անկմամբ մինչև երեսուներկու աստիճան, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Հայտարարարում եմ, որ բացի օր-օրի վատթարացող հիվանդությունները կոնսերվացնելուց, առողջությունը վերականգնելու հետ կապված այլ բուժում հիվանդը չի ստանում, քանի որ ըստ բուժող բժշկի Հայաստանում այլևս հնարավոր չէ իրականացնել բուժում: Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ»։

Հիշեցնենք՝ Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Лента

Рекомендуем посмотреть