ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի պարզաբանումը՝ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ:
Նշենք՝ երեկ՝ հունիսի 7-ին, hraparak.am-ը «ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔՆ Է՝ «ԿՈՐՉԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ» վերնագրով հրապարակմամբ հայտնել էր, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը արտակարգ դրության պայմաններում որդուն հարսանիք է արել:
«Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ այս պահին Բագրեւանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն է, որն արձանագրել է մեր լրագրողի տեսախցիկը։ Ներկա է 100-ից ավելի հյուր։ Դրսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաեւ ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը և վարչապետի հրահանգները»,-մասնավորապես նշել էր լրատվամիջոցը:
Արտակ Դավթյանն, ահա, արձագանքելով՝ հայտարարել է.
«Բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք»:
Հիշեցնենք՝ ՀՀ պարետի՝ մայիսի 3-ին ստորագրած N 63 որոշման համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներից ելնելով ՀՀ-ում արգելված է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, հարսանիքի, ծննդյան տոնի, հոգեհանգստի և թաղման արարողությունների։