ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ, ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25 091 արձանագրություն, իսկ հունիսի 7-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 702 դեպք։
«Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում»,-մանրամասնում են ոստիկանությունից՝ քաղացիներին հորդորելով պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները: