ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանացնելու նպատակով փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ասել է ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղաիազարյանը: Նախագծով առաջարկվում է հնարավորություն ստեղծել վարելու ԴՆԹ քարտադարաններ:
«Մատնադրոշմային հաշվառման համակարգը, որը նույնականացման հիմնական միջոցն է, այլևս բավարար չէ ծանր և առանձնապես ծանր հանցացագործություն արած մարդկանց բացահայտման համար, քանի որ, նույնիսկ հասարակ ձեռնոց օգտագործելով, հասարակ անձինք կարող են մատնահետքեր չթողնել»,-ասել է փոխոստիկանապետը՝ նկատելով, որ դիակներից ոչ միշտ է հնարավոր լինում մատնահետք վերցնել, քանի որ շատ դեպքերում մաշկային հյուսվածքը կենսաբանորեն քայքայված է լինում:
«Մյուս կողմից մատնահետքերը վերանալու (մաքրվելու) հատկություն ունեն, ինչը օբյեկտիվորեն բացառում է հանցագործության դեպքի վայրերից դրանք վերցնելը: Այս պայմաններում էականորեն բարձրանում է կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի դերն ու նշանակությունը»,-ասված է կառավարություն ներկայացված նախագծի հիմնավորման մեջ:
Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ առաջարկվող փոփոխությունները որևէ կերպ չեն վտանգում անձնական տվյալների պաշտպանությունը։
Օրենքի նախագիծը հավանության է արժանացել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական անձնաժողովում, այն կընդգրկվի ԱԺ-ի մեկնարկելիք քառօրյայի օրակարգում։