Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների:
«Հայփոստ» ՓԲԸ-ից նշում են, որ պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը շահառուներին՝ իրենց բնակության վայրերում։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները Հայփոստի բաժանմունքներում առայժմ չեն վճարվի:
Նույն ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների առաքման ընթացքում փոստատարների անվտանգությունն ապահովվելու է ոստիկանության ուժերի միջոցով։
Նշենք՝ «Հայփոստ»-ում արձանագրված կուտակումներով պայմանավորված հակահամաճարակային կանոնների խախտման փաստին այսօր կառավարության հերթական նիստի մեկնարկին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվելով, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը 100 տոկոսով հակահամաճարակային պայմաններին համապատասխանեցնելու համար։
Հիշեցնենք, վարչապետի խնդրանքով քաղաքացիները հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել էին նրան, խախտումների թվում նաև «Հայփոստ»-ի բաժանմունքներից մեկն էր, որի մուտքի մոտ կուտակում էր՝ խախտված էր սոցիալական հեռավորությունը քաղաքացիների միջև, նրանցից ոմանք նաև առանց դիմակի էին։
Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ երեկ մի շարք գրասենյակներում, որտեղ 1000-ից ավելի կենսաթոշակառուների առումով սպասարկման ծավալներ կային, խնդիրներ են ունեցել կուտակումների հետ կապված և դրսում, բանկային համակարգի նման:
«Դրսում կուտակումներ ենք նկատել, փոստային բոլոր բաժանմունքերի վրա խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն: Երեկ օրվա երկրորդ կեսին արդեն դրական տեղաշարժ ունեինք այս առումով: Երեկվա ընթացքում նաև գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվում են աշխատանքները, և օրվա վերջում արդեն մեծամասամբ կունենանք այդ գծանշումները, որոնք սոցիալական հեռավորության պահպանման տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունեն: Նաև, պարոն վարչապետ, երեկ պարետի կողմից որոշում է կայացվել՝ այս ամիս նույնպես թոշակները փոստատարների միջոցով առաքել տուն: Այստեղ նաև շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ կենսաթոշակառուները հնարավորություն ունեն՝ ստանալ բանկային քարտեր և իրենց քարտային հաշիվների վրա ստանալ կենսաթոշակները: Սա, իհարկե, պարտադիր բնույթ չի կրում, և հարյուր հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտագործում այդ միջոցը: Ես կոչ կանեմ մեր կենսաթոշակառուներին՝ բանկային քարտի միջոցով ստանալ թոշակները, անկանխիկ և այդպիսի հերթերի կուտակումներից խուսափել»,-մանրամասնել է նախարարը՝ հիշեցնելով, որ Ազգային ժողովում է գտնվում կենսաթոշակների մասին օրինագիծը, ըստ որի գալիք տարվանից պարտադիր է դառնում կենսաթոշակների անկանխիկ ստացումը, ինչը կնպաստի կուտակումների նվազմանը։