ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօրվանից 72 ժամով դադարեցվում է Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկության՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատանքը. շուրջ 2 600 աշխատակից ունեցող ֆաբրիկայում կորոնավիրուսային հիվանդության մոտ 3 տասնյակ հաստատված դեպքեր կան:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակած լուսանկարով ուշադրություն էր հրավիրել փաստի վրա, թե ինչպես են աշխատակիցները ֆաբրիկա տեղափոխվում:
«Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»,-գրել էր նա։
Կարի ֆաբրիկայի 3-օրյա փակման մասին հայտնել էր նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ հունիսի 2-ի դրությամբ Լոռու մարզում գրանցված է կորոնավիրուսով հիվանդացության 96, մահվան՝ 1 դեպք:
«Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների և ընկերների կյանքը»,-գրել էր մարզպետը՝ ֆեյսբուքյան իր էջում: