«Հիվանդանոցներում տեղերը սպառվում են, սիրելի հայրենակիցներ, արդեն սպառվելու են, որովհետև այս տեմպը մի օրում հնարավոր չի կանգնեցնել, և ես համոզված եմ, որ եթե պահեինք այն կանոնները, որ պետք է պահեինք, 95 տոկոսով պակաս ցուցանիշ կունենայինք: Այո, ես վարակվել եմ կորոնավիրուսով, միջին վիճակագրական քաղաքացուց ոչ մի բանով լավը չեմ, ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս մեր սխալն ընդունենք և մի քայլ հետ անենք այս անդունդ տանող ճանապարհից: Սա է իմ ուղերձը»,-այդ մասին ժամ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ քաղաքացիներից ստացված նամակներին:
«Այն ինչ ես տեսա ձեր օգնությամբ ուղղակի կատաստրոֆա է: Աշխարհում չկա մի որևէ ուժային կառույց, վարչական համակարգ, որն այս մասշտաբի հարցը կարողանա լուծել: Ուժային կառույցը ժամացույցի նման աշխատի այս խնդիրը չի կարող կարգավորել: Ես ուզում եմ մենք սա արձանագրենք: Հարցը պատասխանատուի մեջ չէ, ե´ս եմ պատասխանատու, բայց դրանից բա՞ն է փոխվում, մահացողների հարազատներին ո՞վ է պատասխանատու,-ասաց Փաշինյանը՝ նկատելով,-դպրոցներում ի՞նչ է կատարվում, բանկերում, շուկաներում, Հայփոստում, Արարատյան մաքսատանը»:
Կառավարությունը, վարչապետի խոսքով, առանձին ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրը եթե հասարակության մեջ յուրաքանչյուրն այն իրենը չի համարում:
«Ես հնարավորություն եմ տեսնում, որ մենք, ի վերջո, փոխենք մեր վերաբերմունքն ինքներս մեր նկատմամբ, կանոնի նկատմամբ, օրենքի նկատմամբ, դիմացինի անվտանգության նկատմամբ: Սա մեր ընդհանուր խնդիրն է, և պետք է իրար հետ լուծենք այս խնդիրը»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ երեկ, պարետատան նիստից հետո, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին երկընտրանք ներկայացրեց՝ կա´մ կանոնները չպահպանելու պատճառով նորից համատարած արգելափակումներ են լինելու՝ պարետային ժամով զուգորդված, կա´մ միասին համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ հունիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն ավելացել է 515-ով՝ հասնելով 10 524-ի, հիվանդությունից ապաքինվել է ևս 27 մարդ՝ բուժվածների թիվը դարձնելով 3 454, վիրուսից մահացածների թիվն ավելացել է 12-ով՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 170-ի: Ըստ աղբյուրի, նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է: