ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Հունիսի 1-ից ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հիշեցնում են՝ քանի որ այս տարի սահմանվել է առաջնահերթություն, հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝
-1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
-1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:
Այս պահի դրությամբ, արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի։
«Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։ Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` գրանցվելու հնարավորություն կունենան նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին»,-նշում են նախարարությունից՝ դեռևս չհայտագրված ծնողներին կոչ անելով իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգել համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։
Մանրամասնում են՝ այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով՝ հունիսի 1-ից: