Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը, 13-ամյա Նազելին, որն անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա մարտին, երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։
Այդ մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի (ԲԿ) մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ողջ անձնակազմին, բժշկական թիմին, բոլոր այն օգտատերերին ու մարդկանց, ովքեր ուժ տվեցին ու օգնեցին այս ամիսների ընթացքում Նազելիին՝ երկրորդ կյանք վերադառնալու գործում:
Ինքը՝ Նազենին այսօր տրամադրություն չունի, ասում է չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք: Շնորհակալություն ևս մեկ անգամ բոլորիդ...»,-ասված է Դերձյանի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ ս.թ. մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ, արարքի կատարման կասկածանքով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, կալանավորվել է 28-ամյա երիտասարդ։
Ապրիլի 3-ին աղջնակին տեսակցելու է գնացել եղբայրը, մինչ այդ նրան տեսակցած միակ հարազատը: Ինչպես դժբախտ պատահարից հետո լրատվամիջոցների հետ զրույցում պատմել էր 17-ամյա տղան՝ իր կապը մոր և 13-ամյա քրոջ հետ դադարել է հոր մահից հետո, երբ կյանքը հայրական տանը, նրա մեկնաբանմամբ, անտանելի է դարձել: Տղան տեղափոխվել է հորաքրոջ տուն, ապրել նրա հետ:
Երեխաները ճանաչվել են առանց ծնողական խնամքի մնացած անձինք, քանի որ նրանց հարազատներից ոչ ոք չի ցանկանում ստանձնել նրանց խնամակալությունը։
Գյումրիի քաղաքապետարանում մարտի 10-ին անցկացվել է խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ, որում հարցը քննարկվել է: Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը հայտնել է, որ աղջկան խնամատարության վերցնել ցանկացող ընտանիքներ կան, սակայն պետք է սպասել՝ մինչև աղջկա առողջական վիճակը կայունանա։