Այսօր Երեխաների պաշտպանության օրն է, ևս մեկ առիթ՝ մտորելու նրանց սովորեցնելու և նրանցից սովորելու մասին. Բաթոյան - RadioVan.fm

Онлайн

Այսօր Երեխաների պաշտպանության օրն է, ևս մեկ առիթ՝ մտորելու նրանց սովորեցնելու և նրանցից սովորելու մասին. Բաթոյան

2020-06-01 16:48 , Общество, 1868

Այսօր Երեխաների պաշտպանության օրն է, ևս մեկ առիթ՝ մտորելու նրանց սովորեցնելու և նրանցից սովորելու մասին. Բաթոյան

Այսօր աշխարհը նշում է ամենակարևոր օրերից մեկը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Այս տարի այն անցնում է մեզ համար անսովոր պայմաններում, չեն լինելու տոնական միջոցառումներ, բայց ստեղծված իրավիճակը լավ առիթ է՝ ընտանեկան միջավայրում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին խոսելու, միմյանց ավելի շատ սեր ու ջերմություն տալու համար։

Այդ մասին օրվա առիթով հղած ուղերձում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում ապրում է շուրջ 778,400 երեխա, նրանցից 8623-ը հաշմանդամություն ունեն։ Ավելի քան 145,000 երեխա ապրում է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում։ Պետության ենթակայությամբ գործող մանկատներում խնամք է ստանում 623 երեխա, որից 457-ը առողջական խնդիր ունեն։ Գիշերօթիկ հաստատությունում խնամք է ստանում 83 երեխա։

«Մենք վստահ ենք, որ անկախ երեխայի սեռից, տարիքից, առողջական կամ այլ վիճակներից նրա զարգացման և երջանիկ կյանքի համար լավագույն միջավայրը ընտանիքն է, ուստի մեր քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։

2019-ին մեր ջաքերի շնորհիվ գիշերօթիկ հաստատություններից և մանկատնից շուրջ 200 երեխա վերադարձավ կենսաբանական ընտանիք, իսկ այս տարի գրեթե եռապատկել ենք երեխաների ցերեկային ծառայությունները. 2019 թ.-ի 1160 շահառուի փոխարեն 2020 թ.-ին ծառայություններ ենք նախատեսել շուրջ 3900 երեխայի համար Երևանում և հանրապետության բոլոր մարզերում՝ ընդգրկելով 30 խոշոր բնակավայրեր։

Մեզ համար առանցքային է նաև հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելող ծրագրերի իրականացումը այս իմաստով եռապատկել ենք աջակցություն ստացող ընտանիքների թիվը: Այդ ծրագրերի շնորհիվ այս տարի հաշմանդամության հիմքով մանկալքությունների թիվը շեշտակիորեն կրճատվել է:

Մենք մեր ռեսուրսներն ուղղել ենք ոչ թե հաստատություններին, այլ ընտանիքների աջակցությանը, որովհետև հավատում ենք, որ ոչ մի երեխա չպետք է հայտնվի հաստատությունում՝ միայն սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով:

Ապաինստիտուցիոնալացման այս ճանապարհը չափազանց բարդ է, բայց մենք նաև գիտենք, որ երբեք ու ոչ մի դեպքում չենք զիջելու երեխայի որևէ իրավունք:

Երեխաների պաշտպանության օրը ևս մեկ առիթ է մտորելու այն մասին, թե ինչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին և ինչ կարող ենք սովորել նրանցից»,-ասված է Զարուհի Բաթոյանի ուղերձում:

Հունիսի 1-ը որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր՝ նշվում է արդեն 70 տարի: 1925 թվականին Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում, օրը սահմանվել է Երեխաների պաշտպանության օր, իսկ որպես երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 1950-ին:Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Лента

Рекомендуем посмотреть