Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)՝ նշելով, որ մայիսի 31-ին ավարտվել է «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը:
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ այնուամենայնիվ այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին:
«Խնդրում ենք հաշվի առնել նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում և Չինաստանում գործող ճամփորդական սահմանափակումները»,-ընդգծում են արտգործնախարարությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքացիները և վավեր սովորական անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս մուտքի արտոնագրի պահանջից ազատվել են ս.թ. հունվարի 19-ից։