Հայաստանում մոտ մեկ ամսից կսկսվի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հայտնելով, որ շարժական մամոգրաֆն արդեն Հայաստանում է։
«Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։ Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից»,-գրել է Թորոսյանը՝ հավելելով, որ առաջին մարզը կլինի Լոռին, իսկ ծրագրի մեկնարկին մոտ կհայտնեն դրա բոլոր մանրամասները։
Հիշեցնենք՝ կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագրի մասին նախարար Թորոսյանը հայտնել էր դեռ 2019-ի օգոստոսին: Նշվել էր, որ ծրագիրն իրականացվելու է ՀՀ 3 մարզում՝ հնարավորություն տալով Տավուշում, Սյունիքում և Լոռիում ապրող 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: