Այսօր հայոց պատմության ամենավառ օրերից մեկն է. լրանում է հայկական պետականության վերականգնման 102-րդ ամյակը: Այս մասին նշված է
Հայաստանի Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առիթով Արցախի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) շնորհավորական ուղերձ է հղել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին:
«Շնորհավոր բոլորիս՝ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության տոնի կապակցությամբ:
Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նախորդել էին հերոսական ճակատամարտեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։ Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակների շնորհիվ կանխվեց հայերի դեմ ցեղասպանության կրկնության վտանգը։ Մեր նախնիները միասնական ջանքերով պաշտպանեցին հայրենիքում ապրելու և արարելու իրենց իրավունքը՝ կերտելով անկախ պետականություն:
Առաջին հանրապետությունը ստեղծվեց պատմական բարդ պայմաններում և գոյատևեց կարճ ժամանակաշրջան, սակայն վճռական նշանակություն ունեցավ հայկական ինքնության պահպանման հարատևման գործում։
Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայ ժողովրդի միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի արդյունքն է, որի պատգամը առաջնորդեց հետագա սերունդներին՝ կերտելու նոր հաղթանակներ, ամրապնդելու և հզորացնելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը»,-ասված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում:
Երկարատև ընդմիջումից հետո՝ 1918 թ. մայիսի 26-ին, Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը ոչնչացումից. Հայկական լեռնաշխարհում շուրջ 9 դար անց՝ վերականգնվեց հայոց պետականությունը: Հայկական հանրապետությունը հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Հայաստանի Հանրապետությունը գոյատևեց ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը՝ հանրապետության խորհրդայնացմամբ: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: 1992 թվականից այսօրը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր: