Եվրադատարանի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ՝ հայ սպայի գործով ՄԻԵԴ վճռի մասին - RadioVan.fm

Онлайн

Եվրադատարանի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ՝ հայ սպայի գործով ՄԻԵԴ վճռի մասին

2020-05-27 21:36 , Политика, 2127

Եվրադատարանի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ՝ հայ սպայի գործով ՄԻԵԴ վճռի մասին

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է»,-այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) անդրադառնալով ՄԻԵԴ կողմից երեկ հրապարակված «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

ՀՀ ԱԳՆ-ն տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.

«2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել: Այս առումով, դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է՝ «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»:

Դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

Հատկանշական է, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով:

ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը:

Դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ այս վճիռը` որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում:

Դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը:

Մենք կշարունակենք մեր հետևողական աշխատանքներն հանուն ատելությունից զերծ խաղաղ և անվտանգ տարածաշրջանի»:

Նշենք՝ փաստաբան Նազելի Վարդանյանը տարիներ շարունակ չէր դադարում կրկնել, որ ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան կատարվել է ոչ միայն միջազգային իրավունքի նորմերի, այլ նաև՝ Ադրբեջանի օրենսդրության խախտմամբ։ Այդ հիմքով էլ փաստաբանը 2013-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և վճռի հրապարակումն ակնկալում էր ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 15 տարի անց՝ 2019-ին:

Átlátszó.hu հունգարական հետաքննական լրագրողական կազմակերպության, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման կենտրոնի (OCCRP) և համաշխարհային այլ լրատվամիջոցների հետաքննությունները բացահայտել էին, որ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 մլն դոլարով:

Лента

Рекомендуем посмотреть