«Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին». Փաշինյանը՝ Գախարիային - RadioVan.fm

Онлайн

«Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին». Փաշինյանը՝ Գախարիային

2020-05-26 20:15 , Политика, 992

«Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին». Փաշինյանը՝ Գախարիային

«Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն»,-այդ մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու ժողովրդավարական հասարակության կառուցման ուղղությամբ։ Եվ այսօր էլ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ դեռևս 20-րդ դարի սկզբներին հռչակած իր այս արժեքներին և կառուցել ժամանակակից ու ժողովրդավարական պետություն։

Հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունները դարերի ընթացքում աչքի են ընկել փոխադարձ խորին հարգանքով և բարեկամությամբ, որի լավագույն արտացոլումն են այսօր մեր երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները։ Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն։

Հարգելի պարոն վարչապետ,

բարձր եմ գնահատում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված այս բարդ պայմաններում մեր կառավարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան իրականացումը և Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների՝ իրենց հայրենիք վերադարձի ապահովումը: Համոզված եմ, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր հաղթահարել ամբողջ մարդկության համար այս ծանր փորձությունը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ առողջություն և տոկունություն այս բարդ ժամանակաշրջանում»։

Лента

Рекомендуем посмотреть