Դիմակ չկրող պատգամավորները 1-7 օրով դուրս կհրավիրվեն Ազգային ժողովի նիստերի դահլիճից. Միրզոյանը տեղեկացրել է - RadioVan.fm

Онлайн

Դիմակ չկրող պատգամավորները 1-7 օրով դուրս կհրավիրվեն Ազգային ժողովի նիստերի դահլիճից. Միրզոյանը տեղեկացրել է

2020-05-26 17:36 , Политика, 1057

Դիմակ չկրող պատգամավորները 1-7 օրով դուրս կհրավիրվեն Ազգային ժողովի նիստերի դահլիճից. Միրզոյանը տեղեկացրել է

Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում կհայտարարի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև դահլիճից 1 կամ 7 օրով դուրս կհրավիրի այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում: Այս մասին Միրզոյանը հայտարարեց ԱԺ այսօրվա նիստի մեկնակին:

«Պարոն Միրզոյա՞ն, որքանով որ հասկացա, դուք նկատի ունեք, որ բացի այն, որ մենք դիմակով գալիս ենք դահլիճ՝ նաև ամբողջ նիստի ընթացքում պետք է դիմակ կրենք և դա պարտադիր է և դա պարետի որոշումն է, և, եթե այդ որոշումը չկատարվի, դուք պատգամավորին դուրս կհրավիրեք դահլիճից, ճի՞շտ եմ հասկացել»,-ԱԺ նախագահին հստակեցնող հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, երբ փակ տարածքում դիմակ չեմ կրել: Ուզում եմ բոլորիդ, մեր քաղաքացիների առջև ասել՝ այո, ես սխալ եմ արել: Մտածել եմ՝ ինչ-որ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, թեև՝ փակ դահլիճում, և չեմ կրել դիմակը: Բայց ուզում եմ խոստովանել, որ դա սխալ էր»,- ասաց Արարատ Միրզոյանը` ևս մեկ անգամ հորդորելով, խնդրելով բոլորին ԱԺ նիստերի դահլիճում դիմակ կրել:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, ըստ որի արտակարգ դրությունը չի տարածվում խորհրդարանի վրա՝ նկատելով, որ դիմակ չկրելու համար ԱԺ խոսնակը չի կարող պատգամավորին նիստերի դահլիճից դուրս հրավիրել:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ կողմ է դիմակ կրելուն, բայց՝ ո´չ խոսելու ժամանակ:

Խորհրդարանի նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտոնյաները օրեր առաջ հայտնվեցին քննադատությունների թիրախում՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի ժամանակ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կանոններին չհետևելու համար: Մայիսի 24-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմակ կրած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված նոր դեպքերի բռնկումներին, հայտարարեց, որ մասնագետների կողմից ներկայացված ուսումնասիրության համաձայն դիմակ կրելը զգալիորեն կնվազեցնի, նույնիսկ կզրոյացնի վարակի տարածումը՝ տեղեկացնելով մեքենայի մեջ, աշխատանքի վայրում, գնումներ կատարելիս, կանգառում տրանսպորտի սպասելիս, փողոցում զրուցելիս՝ դիմակի կրման պարտադիր պահանջի մասին։

Лента

Рекомендуем посмотреть