«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել երեկ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության (ԱՀ) պարետի Թիվ 2 որոշման պահանջները խախտելու համար:
«Այդ թվում խնդրելու ենք տուգանել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և այլոց»,-հավելում են կազմակերպությունից:
Հիշեցնենք՝ երեկ կայացավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը, որից հետո հրավիրյալները՝ որոնց թվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ իրենց կանանց հետ, մասնակցել են բացօթյա խնջույքի: Խնջույքի լուսանկարները արագորեն ողողվեցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ սուր քննադատության թիրախում ներառելով Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման, անվտանգության կանոնները չպահպանելու համար:
«Նիկոլն այսօր ասում էր, որ ժողովուրդը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Ճիշտ էր ասում։ Այդ ասելուց հետո գնաց Արցախ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը։
Ու որ նայում ես ֆոտոները՝ ուզում ես գլուխդ երկու ձեռքով բռնել ու փախնել, որովհետև հասկանում ես, որ մեկը հենց Նիկոլը չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Իր կինն էլ չի գիտակցում։ Իրենց պահակազորն էլ։ և իրենց շրջապատող մարդիկ էլ չեն հասկանում։
Սոցիալական դիստանցիան չի պահպանվում, դիմակները մեկ հագնում են, մե՛կ հանում,Արարատ Միրզոյանը ձեռքը դրել է բերանին, և այլն, և այլն, և այլն,- գրել էր «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ նկատելով,-դուք ինչպե՞ս եք խոսում ժողովրդի «անհատական պատասխանատվությունից», եթե ինքներդ մեկ գրամի պատասխանատվություն չունեք նույնիսկ ձեր անձնական անվտանգության հարցերում»։
Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 21-ի կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված գործերը լավ չեն, իրավիճակը ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել և, որ պետք է խստագույն միջոցառումներ ձեռնարկեն համավարակը հսկողության տակ առնելու համար: Վարչապետը միաժամանակ արդարացի էր համարել սոցիալական կայքերում քաղաքացիների արած դիտարկումներն այն մասին, թե, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչու կառավարությունում և կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում»։