Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր է դարձել Թուրքիայում գտնվող Հայաստանի Հանրապետության (ՀՀ) 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով):
Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները»,-մանրամասնում են դեսպանությունից։
Հիշեցնենք՝ ապրիլի սկզբին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ գերատեսչությունը քայլեր է ձեռնարկում Covid-19 համավարակի լայն տարածում ստացած երկրներից՝ այդ թվում Թուրքիայից, դժվար կացության մեջ հայտնված ր հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու գործում: Նշվել էր, որ Թուրքիայից ՀՀ քաղաքացիների տեղափոխումը համաձայնեցվել է թուրք-վրացական համապատասխան ծառայությունների հետ: Թուրքիայում այդ օրերին շահարկումներ եղան, հայտարարվեց, թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Անդրադառնալով այդ լուրերին՝ Հայաստանի արտգործնախարարության խոսնակը շեշտել էր՝ Հայաստանը Թուրքիային քաղաքացիների տեղափոխման հարցի շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով չի դիմել: