Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նուբար Աֆեյանն է, ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ. կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները: Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հեռավար զրույցում ասել է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը:
Նախագահի աշխատակազմի լրատվության վարչության փոխանցմամբ՝ ամերիկահայ գործարարը փոխանցել է, որ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ է անցել։
Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Նուբար Աֆեյանին իր ձեռնարկներում՝ ակնկալելով, որ փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների:
Հիշեցնենք՝ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի կողմից հիմնված Բոստոնում գտնվող Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերության գիտնականների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին հայտնի դարձավ ս.թ. փետրվարին: