Նոր ախտորոշված քաղաքացիները, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Դիմելով բուժաշխատողներին՝ նա գրել է.
«Առողջության առաջնային պահպանման համակարգի հարգելի գործընկերներ,
Քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողներ,
Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է:
Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից:
Ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։ Խնդրում և կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել դրանց:
ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե' մեթոդական հարցերի, թե' կոնկրետ պացիենտների վերաբերյալ: Զանգերի կենտրոնի վերաբերյալ մանրամասները ձեզ կփոխանցվի աշխատանքային կարգով:
Ձեր նվիրումի և պատասխանատվության վրա է հենվելու նաև այս համաշխարհային մարտահրավերի դեմ պայքարի արդյունավետությունը: Մենք բոլորս միասին պետք է հաղթահարենք այն:
Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»:
Հիշեցնենք՝ անախտանիշ կամ շատ թեթև վիճակում գտնվող քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանն անցնելու մտադրության մասին առողջապահության նախարարը բարձրաձայնել էր դեռ ապրիլի 30-ին կայացած կառավարության նիստում՝ անդրադառնալով այդ օրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի «ռեկորդային» թվին:
Այդ ռազմավարությանն անցնելու հարցը շոշափվեց նաև Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման համար առանձնացված մահճակալային ֆոնդի հաշվարկի համատեքստում, ընդգծվել էր, որ հիվանդության հաստատված դեպքերի աճի պարագայում «բոլորի նկատմամբ չեն կարողանա վերահսկողություն սահմանել, և շատերին հիվանդանոցներից տուն կուղարկեն»։
Նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 218-ով՝ հասնելով 5 041-ի, բուժվածներինը՝ 145-ով՝ դառնալով 2164, գրանցվել է մահվան ևս 3 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 64-ի: Կորոնավիրուսով վարակված ևս 25 անձ մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 788 մարդ: