Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվել է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։
Ոստիկանությունից քաղաքացիներին կոչ է արվում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։
Միևնույն ժամանակ, խորհուրդ է տրվում առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով։
Մայիսի 18-ից առանց նախնական գրանցման վերսկսվել է նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումների աշխատանքը, սովորական ընթացակարգով կիրականացվեն բոլոր գործառույթները:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․
«ՄՌՈՒ-ի մոտ արշալույսները խաղաղ են)
Երևանի հաշվառման-քննական բաժնի մուտքն այսօր»:
Նշենք՝ երեկ լրատվամիջոցները կադրեր էին հրապարակել Երևանի հաշվառման-քննական կենտրոնից (ՄՌՈՒ), որոնցում հերթի սպասող բազմաթիվ քաղաքացիներ առանց պաշտպանիչ միջոցների էին, իսկ տեղում սոցիալական հեռավորությունը՝ խախտված: