«Թորոսյան, չկարծես այս քայլով լռեցնելու ես ինձ». նախարարը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Պարացելսուս»-ի նախագահի - RadioVan.fm

Онлайн

«Թորոսյան, չկարծես այս քայլով լռեցնելու ես ինձ». նախարարը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Պարացելսուս»-ի նախագահի

2020-05-19 14:36 , Право, 1553

«Թորոսյան, չկարծես այս քայլով լռեցնելու ես ինձ». նախարարը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Պարացելսուս»-ի նախագահի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիական հայց է ներկայացրել առողջապահության խնդիրների հավաքագրմամբ զբաղվող «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Ավանեսյանի դեմ՝ հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով:

Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Նունե Ավանեսյանն (Ներսիսյան) այդ մասին ծանուցում դեռ չի ստացել: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պահանջը ներկայացնելիս մարդ մարդ իրական փաստեր պետք է ունենա:

Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Նոր իմացա, որ Թորոսյանը ինձ դատի է տվել: Թորոսյանը հայտարարել է, որ կեղծ լուրեր տարածողների անունները կփոխանցի իրավապահներին: Հիմա այս խելոքը որոշել է, որ ես կեղծ լուրեր եմ տարածում: Նաև պահանջ է ներկայացրել զրպարտության` գումարների և մահերի հետ կապված: Չնայած ասեմ, որ ինքս դեռ այդ մասին ծանուցում չեմ ստացել, բայց արդեն datalex համակարգում տեղադրված է: Պահանջը ներկայացնելուց մարդ պետք է իրական փաստեր ունենա: Ամբողջ լրատվությունը ողողված է իրարամերժ տեղեկություններով: Բազմաթիվ հանրաճանաչ և վաստակ ունեցող պրոֆեսորներ, ակադեմիկներ պնդում և հայտարարում են կեղծ պանդեմիայի մասին: Բավականին շատ ինֆորմացիա կա Covid 19 ից մահացության բարձր տոկոսի մասին: Ճիշտ այդքան և մի բան էլ ավել ինֆորմացիա և պաշտոնական տվյալներ կան, որ տարեկան միջին մահացությունը չի աճել։

Իսկ հիմա մահերի մասին խոսենք:

Քանի դեռ մահացած մարդկանց դիակները չեն հերձում, ոչ մի պաթանատոմիական եզրակացություն չկա, հետևաբար չեն կարող մահվան պատճառը նշել կրոնավիրուսը, այդ դեպքում, ինչ՞ի մասին է խոսքը:

Իսկ գումարների մասին բացարձակ դժվար չէ կռահել, բավական է միայն նայել միայն ստացած պարգևավճարների քանակը և շատ այլ տվյալներ, որոնք որպես ապացույց կներկայացնեմ, արդեն իսկ պարզ է դառնում ամբողջ պատկերը:

Թորոսյան չկարծես այս քայլով լռեցնելու ես ինձ կամ ինձ նման հասկացող մարդկանց: Համարիր միֆերի ավարտի սկիզբը `start- ը տրված է:

Եվ մի բան էլ հիշեցնեմ ` Մինասյան Արայի դատն էլ հիշիր, հաստատ այդ օրինակը պետք կգա»:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիշեցնենք, 2018-ի հուլիսի 27-ին հանդես գալով ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ այդ ժամանակ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ղեկավարող Արա Մինասյանին մեղադրել էր «կազմակերպված հանցավորության», «փողերի յուրացման» մեջ՝ Մինասյանին որակելով որպես «բանդայի պարագլուխ»։

Արա Մինասյանն (Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է-խմբ)՝ ընդդեմ Արսեն Թորոսյանի դիմել էր դատարան՝ «Հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու» հայցապահանջով՝ նշելով, որ նախարարը խախտել է անմեղության կանխավարկածը ու զրպարտել իրեն: 2019-ի հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Երիցյանի նախագահությամբ, բավարարել էր 2018-ի սեպտեմբերի 5-ին վարույթ ընդունած հայցը՝ կայացրած վճռով պարտավորեցնելով պատասխանող կողմին՝ Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով հերքել Արա Մինասյանի հասցեին արված հայտարարությունները, ներողություն խնդրել, ինչը չարվեց:

Հավելենք, որ Արսեն Թորոսյանը նախօրեին փաստելով, որ «կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը» և, որ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներում հանդիպում են «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտություններ, հայտարարել է, որ ստիպված են լինելու կեղծ և չհիմնավորված նման լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին։

Лента

Рекомендуем посмотреть