Այսօր Ընտանիքի օրն է: Այդ առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել, որում ասված է․
«Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է, որում համատեղվում են հայրենիքը, ծնողն ու զավակը, սերն ու իմաստնությունը, նվիրվածությունը և հոգատարությունը:
Շնորհավորում եմ ընտանիքի օրվա առթիվ:
Առողջություն, խաղաղություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին և օջախներին»:
«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանան ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը և ստանա լիարժեք դաստիարակություն»,-Ընտանիքի օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում էլ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա արժանապատվության ու իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք։
Նշենք՝ մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնվում է 1993 թվականից՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հորդորով։ Հայաստանում մայիսի 15-ն օրացույցում ամրագրվել է որպես Ընտանիքի օր 2011թ. փետրվարի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում կատարած համապատասխան փոփոխությամբ։