Ճանապարհային ոստիկանությունն այսօր պարզաբանում է տարածել օրեր առաջ հայտարարված ծածուկ ծառայություն իրականացնելու մասին, ինչը ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։
Հայտարարության առնչությամբ հասարակության որոշ շրջանակներում և համացանցում առաջ եկած անհանգստությունների փաստից ելնելով Ճանապարհային ոստիկանությունից պարզաբանում են.
«Նշված ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ և միտումնավոր խախտող, այսպես ասած՝ դրիֆտեր իրականացնող, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս եկող, երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, նրանց կյանքին ու առողջության համար վտանգավոր խախտումներ կատարող վարորդներին և այլ կոպիտ խախտումներ հայտնաբերելու համար է։
Այսինքն՝ ճանապարհապարեկային ծածուկ ծառայությունն իրականացվելու է կոնկրետ վայրերում կոնկրետ խախտումներ հայտնաբերելու համար, ինչը միտված է անվտանգ երթևեկության ապահովմանը։
Երթևեկության բոլոր մասնակիցներին կրկին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»։