«Գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ». ԲՈԿ-ի «էքսցենտրիկ» նախագահը հեռանում է պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

«Գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ». ԲՈԿ-ի «էքսցենտրիկ» նախագահը հեռանում է պաշտոնից

2020-05-14 18:01 , Образование, 2060

«Գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ». ԲՈԿ-ի «էքսցենտրիկ» նախագահը հեռանում է պաշտոնից

Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) գրեթե 2 տարի նախագահած Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Նա ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կայացրած որոշման պատճառները.

«Որոշումս ունի երեք շերտ․

1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։

2. 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև։

3. Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է։

ՀԳ․ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետին՝ այս պատասխանատու ժամանակաշրջանում ինձ այդպիսի պատասխանատու պաշտոն վստահելու համար»։

Հիշեցնենք՝ Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի/կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 12-ի որոշմամբ: Այդ ժամանակ 35-ամյա մաթեմատիկոսի նշանակումն այդ պաշտոնում աղմուկ բարձրացրեց նրա՝ սոցիալական ցանցում նախկինում հրապարակած լուսանկարների պատճառով։

«Երիտասարդը, գուցե, չափազանց տաղանդավոր է, սակայն նրա նշանակումն այդ պաշտոնում խնդրահարույց է,-հրավիրված մամլո ասուլիսներից մեկում հայտարարել էր քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը՝ նշելով,-ԲՈԿ-ի նոր ղեկավարը էքսցենտրիկ է, թող գնա, դերասան դառնա»:

Лента

Рекомендуем посмотреть