«Այս խմորը դեռ ջուր է քաշելու, բայց ուզում եմ վստահ լինեք, երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի»,-այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն երեկ տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին»:
Քննչական կոմիտեի նշյալ հայտարարությունից հետո նախկին նախարարի ֆեյսբուքյան էջը ողողվել է աջակցության խոսքերով; Գրառումներին կից օգտատերերը, այդ թում՝ Աշոտյանի նախարարության տարիներին կրթական գերատեսչությունում աշխատած մասնագետները, նրա հետ ունեցած ուսանկարներն են հրապարակել:
«Ես, այսօրվա կրիմինալ քրոնիկոնի հերոսս և ձեր ընկերը, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել ձեզ՝ արդեն հարյուրավոր նամակների, զանգերի, գրառումների համար։
Այսքան բարի ու ջերմ, և ամենակարևորը՝ անկեղծ խոսքեր յոթ տարվա նախարար աշխատելու ժամանակ չեմ հիշում։
Ու ամենա-ամենակարևորը՝ այդ ամենն անկախ քաղաքական պատկանելությունից և հայացքներից։
Այս խմորը դեռ ջուր է քաշելու, բայց ուզում եմ վստահ լինեք, երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի և իմ անձի հանդեպ ձեր վերաբերմունքի համար չեք փոշմանի։
Ձեր Արմեն»,-արձագանքելով իրողություններին՝ գրել է Արմեն Աշոտյանը։