Քոչարյանն այսօր վիրահատվել է, «զարգացումները ակնհայտ են դարձնում, որ Քոչարյանի կալանավորումը անհապաղ պետք է վերացվի» - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանն այսօր վիրահատվել է, «զարգացումները ակնհայտ են դարձնում, որ Քոչարյանի կալանավորումը անհապաղ պետք է վերացվի»

2020-05-12 21:47 , Право, 1565

Քոչարյանն այսօր վիրահատվել է, «զարգացումները ակնհայտ են դարձնում, որ Քոչարյանի կալանավորումը անհապաղ պետք է վերացվի»

ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը, որը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է անցնում, այսօր առավոտյան վիրահատվել է։

Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նրա ինքնազգացողությունը բավարար է, գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

Երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի խոսքով՝ առկա են բոլոր հիմքերը, բոլոր հիմնավորումները, հնարավոր և անհնարին օրենսդրական երաշխիքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացման համար:

«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 8-ի դատական նիստից հետո տեղի են ունեցել հետևյալ զարգացումները.

1) Կորոնավիրուսային վարակի դեպքերը ավելացել են 509 դեպքով և ցավալիորեն 4 մահվան դեպք է գրանցվել այս կարճ ժամակահատվածում։

2) Ռոբերտ Քոչարյանը լինելով կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում՝ այսօր հերթական անգամ վիահատվել է "Իզմիրլյան" ԲԿ-ում։

3) Փաստաբանական գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն, թեև ըստ Դատախազության "ապահով վայր" համարվող Երևան Կենտրոն մեկուսարանում՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշաններով 3 դեպք:

Նշված զարգացումները էլ ավելի ակնհայտ են դարձնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը՝ անհապաղ պետք է վերացվի:

Հարգելիներս, չկա կալանավորման ոչ մի հիմք, ոչ մի հիմնավորում: Միաժամանակ առկա են բոլոր հիմքերը, բոլոր հիմնավորումները, նույնիսկ ապրիլի 14-ից հնարավոր և անհնարին օրենսդրական երաշխիքները կալանքի վերացման համար: Իրավունքի մեջ, նորություն չեմ ասի, որ մարդու կյանքը և առողջությունը վեր է ցանկացած այլ շահերից, հենց դրա մասին է այդքան հիշատակվող ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»,-Վարդևանյանի հայտարարությունը տարածել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը:

Ի հավելումն նշենք, որ մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկայացվել է Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի` Ռոբերտ Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը: Դատարանը որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 13-ին։

Հիշեցնենք, 2019 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն նույն թվականի հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։

Лента

Рекомендуем посмотреть