Ձեռնպահ մնացեք Հայաստան վերադառնալու անհատական նախաձեռնություններից. ԱԳՆ-ն զգուշացնում է անվերահսկելի հետևանքների մասին - RadioVan.fm

Онлайн

Ձեռնպահ մնացեք Հայաստան վերադառնալու անհատական նախաձեռնություններից. ԱԳՆ-ն զգուշացնում է անվերահսկելի հետևանքների մասին

2020-05-12 18:28 , Общество, 1156

Ձեռնպահ մնացեք Հայաստան վերադառնալու անհատական նախաձեռնություններից.   ԱԳՆ-ն զգուշացնում է անվերահսկելի հետևանքների մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Հայաստան վերադառնալու անհատական նախաձեռնություններից:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ներկայումս անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան:

Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի և գործողությունների ծրագրի: Նման համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգությունը և Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Այս առումով նշենք, որ տարբեր երկրներից մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպումը կրում է շարունակական և ծրագրված բնույթ:

Պարետատան և ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր երկրների կողմից ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: Ուստի կոչ ենք անում արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձը իրականացնել բացառապես պարետատան և ԱԳՆ համակարգմամբ գործող սխեմայով և ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնություններից»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть