Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոնի» բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ դժգոհելով ինքնամեկուսացման օրերի ընթացքում աշխատավարձերի 20%-ով կրճատումից: Բողոքող մասնագետների խոսքով՝ խնդիրն այն է, որ հիվանդանոցում բուժաշխատողներից 22-23 հոգու մոտ նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատումից հետո նրանց հորդորել են ինքնամեկուսանալ, իսկ 14 օր անց աշխատանքի վերադառնալիս՝ իրենց հայտնել են, որ պետք է աշխատեն անաշխատունակության թերթիկով, չնայած, որ իրենք հիվանդ չեն եղել։
«Մենք ինքնամեկուսացել ենք, երկու անգամ թեստավորվել ենք, բացասական է եղել արդյունքը։ Հիմա եկել ենք աշխատանքի։ Հիմա ասում են, որ պետք է անաշխատունակության թերթիկով վճարվենք։Ո՞վ է մեղավոր մեր կարգավիճակի համար, բուժաշխատողներ ենք՝ և հիվանդանա՞նք և ցածր աշխատավարձ ստանա՞նք՝ 80 տոկոս։Մի քանի անգամ դիմել ենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, մարզպետարանի առողջապահության վարչությունից ասել են՝ պետք է անպայման անաշխատունակության թերթիկ։ Գրավոր հրաման չկա։Ինչ ասում են, ասում են բանավոր։ Եթե գրավոր հրաման կա, թող գրավոր մեզ ուղարկեն»,-լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ընտանեկան բուժքույրԱննա Այվազյանը:
Խնդրին արձագանքել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը՝ պարզաբանելով՝
«Շիրակի մարզպետարանից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ Կառավարության մարտի 12-ի թիվ 296-Ա որոշման 5-րդ կետի և Առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանի համաձայն՝ COVID-19-ովպայմանավորված ինքնամեկուսացման կամ մեկուսացման 14 օրերի համար, ինչպես նաև հաստատված դեպքերի բժշկական հսկողության ներքո գտնվելու ողջ ընթացքում քաղաքացիներին տրամադրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ։
Կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի համաձայն՝ վարձատրվում են աշխատավարձի 80%-ի չափով։ Այսինքն՝ ոչ թե բուժաշխատողների աշխատավարձն է 20% նվազել, այլ, սահմանված որոշման համաձայն, ինքնամեկուսացման 14 օրերի համար վարձատրվել են աշխատավարձի 80%-ի չափով։
Ինչ վերաբերում է պնդմանը, թե աշխատակիցներըինքնամեկուսացումից 14 օր անց վերադարձել են աշխատանքի, սակայն հայտնել են, որ պետք է աշխատեն անաշխատունակության թերթիկով, մարզպետարանից հերքեցին՝ շեշտելով, որ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը նախատեսված է այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում բուժաշխատողները գտնվել են ինքնամեկուսացման մեջ։ Աշխատանքի վերադառնալու պահից սկսած աշխատակիցները վարձատրվելու են ամբողջությամբ՝ աշխատավարձի 100%-ի չափով»։